ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել 4 անձի՝ «Ուժեղ Հայաստան»-ի ապրիլի 11-ի հավաքին մարդկանց նյութապես շահագրգռելու գործով

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն ընտանիքի չորս անդամների նկատմամբ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ապրիլի 11-ի հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու համար։
Ըստ հաղորդագրության՝ նշված անձինք հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են մի խումբ քաղաքացիների, այդ թվում՝ անչափահասների, խոստանալով մասնակցությունից հետո յուրաքանչյուրին տալ 10 000-ական դրամ։
ՔԿ-ի տվյալներով՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրից կազմակերպվել է մի խումբ անձանց տեղափոխումը Երևան, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուց հետո նրանք վերադարձել են և ստացել մասնակցության դիմաց նախապես խոստացված 10 000-ական դրամները։
Մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել չորս անձի։ Նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք, ևս երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք, իսկ անչափահասի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողություն։ Կուսակցությունից առայժմ չեն մեկնաբանում Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը։
