Փաշինյան. Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն իրագործելու նախկին ռազմատեխնիկական համաձայնությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի պայմանավորվածություն՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում նախկինում ձեռք բերված համաձայնությունները իրագործելու վերաբերյալ։ «Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, ունեցել ենք, որը ինչ-որ մի ժամանակ էականորեն կա՛մ ընդհատվել էր, կա՛մ քչացել էր։
Այո, կա պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք»,— ասաց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում։ Խոսելով նախապատրաստվող նոր Սահմանադրության մասին՝ Փաշինյանը նշեց, որ նախագծի տեքստին ծանոթ է և կողմ է հրապարակմանը, սակայն մի քանի կարևոր նյուանսների շուրջ, որոնք առնչվում են պետական կառավարման համակարգի կարգավորումներին, կա բանավեճ կառավարական և քաղաքական թիմում։
«Չեմ ուզում հրապարակենք թուղթը առանց այդ բանավեճերը հասցեագրելու»,— ընդգծեց նա՝ հավելելով, որ նախընտրական շրջանը արագ մոտենում է, և եթե չհաջողի այդ հարցերը հասցեագրել, հրապարակումը կմնա ընտրություններից հետո։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ եթե մեկուկես ամիս առաջ վստահ էր, որ Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի մարտին, այժմ նա հրաժարվում է նշել կոնկրետ ժամկետ։
Նախարարը վստահեցրել է, որ նախագիծը պատրաստ է, իսկ հրապարակելու մասին որոշումը կառավարությանըն է։ Նոր Սահմանադրության քննարկումների հիմնական ինտրիգը նախաբանն է՝ անկախության հռչակագրին հղումը թողնել, թե հեռացնել։ Բաքուն պահանջում է, որ այդ հղումը ջնջվի Հայաստանի մայր օրենքից՝ դա համարելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտում, քանի որ հռչակագրում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման գաղափարը։
Փաշինյանը հերքում է պնդումները, թե Սահմանադրական փոփոխությունները արվում են Բաքվի պահանջով, սակայն մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ դեմ է հղման պահպանմանը՝ այն անվանելով կոնֆլիկտածին։ Պատասխանելով հարցին՝ արդյոք տեսնում է անհրաժեշտություն զինանշանից հեռացնելու Արարատ լեռան պատկերը, վարչապետը ասաց.
«Ես նման հարց չեմ բարձրացնում։ Ես բարձրացնում եմ մեր պետության և պետական ատրիբուտների, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին։ Դրա կարևոր ատրիբուտներից մեկը նաև հարևանների տարածքային ամբողջականությունն ընդունելն է, որովհետև մեր տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ»։
Նա հավելեց, որ խնդիրը «Արարատ» անվան շուրջ շատ խոսելն չէ. «Պետք է հիշել, որ Հայաստանում կա Արարատի մարզ, Արարատ բնակավայր, համայնք։ Խնդիրն այն է, որ մենք չենք գնահատում մեր տարածքային ամբողջականությունը, չենք տեսնում գիծը պետության և ոչ պետության միջև»։ Վարչապետի խոսքով՝ Սահմանադրական գործընթացի հաջորդ քայլը կախված է ներսում ընթացող քննարկումներից։
Իսկ ռազմատեխնիկական մասով, նա հաստատեց, որ կողմերը պայմանավորված են շարժվել նախկին պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ։
