«Սուրմալու» պայթյունի գործով ձերբակալվել են Երևանի պահածոների գործարանի փոխտնօրենը և պահեստը շահագործող երեք անձ

«Սուրմալու» առևտրային կենտրոնում տեղի ունեցած մահաբեր պայթյունի քննության շրջանակում իրավապահները ձերբակալել են Երևանի պահածոների գործարանի փոխտնօրենին և նրա պահեստը շահագործող երեք անձի։ Նրանցից մեկը պահեստի վարձակալն է։
Փոխտնօրենին և պահեստի վարձակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի այն հոդվածով, որը սահմանում է հրդեհային անվտանգության կանոնների կամ պահանջների խախտում, որի հետևանքով անզգուշությամբ պատճառվել է մարդու մահ կամ առաջացել են այլ ծանր հետևանքներ։ Միևնույն քրեական վարույթի շրջանակում գործարանի պահեստը շահագործող անձանց մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ ՔՕ հոդվածով՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար։
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրային կենտրոնում։ Արդյունքում 16 մարդ մահացել է, մեկ քաղաքացի համարվում է անհետ կորած, և նրա որոնումները դադարեցվել են։ Երեք տուժածներ շարունակում են բուժօգնություն ստանալ տարբեր հիվանդանոցներում, նրանց վիճակը գնահատվում է բավարար։
