Սթարմերն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Հորմուզով բեռնափոխադրումների շուտափույթ վերսկսումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շեշտել են Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների վերսկսման «հրատապ անհրաժեշտությունը», հայտնում է Դաունինգ սթրիթը։ Սթարմերի գրասենյակի փոխանցմամբ՝ վարչապետը Թրամփին ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ նախաձեռնության ընթացքը, որը միտված է Հորմուզի նեղուցով նավարկության ազատության վերականգնմանը։
Նախքան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների մեկնարկը Հորմուզով անցնում էր համաշխարհային էներգետիկ մատակարարումների 20 տոկոսը։ Պատերազմի պատճառով նեղուցի անանցանելիությունը գների թանկացման պատճառ է դարձել աշխարհում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում։
Լոնդոնի փոխանցածը ընդգծում է, որ նավագնացության ապահովումը Հորմուզում շարունակում է մնալ առաջնահերթ հարց, որի շուրջ դիվանագիտական ջանքերը շարունակվում են համատեղ նախաձեռնության շրջանակում։
