Ռուս ԶԼՄ-ներ. ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակում են գործադրել ՌԴ 18 տարածաշրջաններում, ահազանգ՝ Խանտի-Մանսիյսկում

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ մայիսի 5-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի 18 տարբեր տարածաշրջանների վրա։ Հրթիռային վտանգի ռեժիմ է հայտարարվել նաև Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում, որը գտնվում է ուկրաինական սահմանից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա։
Թիրախում է հայտնվել Չեբոքսարի քաղաքը (Չուվաշիա), որտեղ հարված է հասցվել «ՎՆԻԻՌ-Պրոգրես» պաշտպանական ձեռնարկությանը, որը արտադրում է նավիգացիոն մոդուլներ հրթիռների և ԱԹՍ-ների համար։ Ըստ հրապարակված տվյալների՝ տուժել է երեք մարդ, վնասվել է հարակից առևտրի կենտրոնը, իսկ տարածաշրջանի կրթական հաստատությունները անցել են հեռավար ուսուցման։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է 289 անօդաչու թռչող սարք։ Այլ մանրամասներ տարածքային կտրվածքով չեն հաղորդվում, սակայն ըստ ռուսական լրատվամիջոցների՝ վտանգի ռեժիմներ են հայտարարվել նաև երկրի հեռավոր շրջաններում, ներառյալ Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգը, որն ավելի քան 2000 կմ է հեռու ուկրաինական սահմանից։
