ՌԴ ԱԳՆ-ը պնդում է, որ ԵՄ-ը փորձում է Հայաստանը կտրել հուսալի անվտանգության համակարգից

Եվրամիությունը նպատակ ունի Հայաստանը «կտրել հուսալի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից», հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչությունը։
Մոսկվայի գնահատականներով՝ «գործընկերության խորացման», «բարեփոխումներին աջակցելու» և «ժողովրդավարությանը սատարելու» հայտարարությունների հետևում թաքնված է «միանգամայն գործնական հաշվարկ»՝ հանրապետությունը հեռացնել այն գործիքներից, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են երկրի կայունությունը, և դրանց փոխարեն որևէ հստակ այլընտրանք չի առաջարկվում։
Գերատեսչությունը ընդգծել է, որ Երևանը շարունակում է մնալ Մոսկվայի դաշնակիցը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամը՝ «չնայած Երևանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին»։
«Չենք կարող աչք փակել այն քայլերի վրա, որոնք ըստ էության հակասում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր բազմակողմ հարթակներում ստանձնած պարտավորություններին», նշել են նախարարությունում՝ ավելացնելով, որ հույս ունեն Հայաստանի ղեկավարությունը «չի հարմարվի օտար աշխարհաքաղաքական խաղերին» և առաջնահերթ կդնի երկրի երկարաժամկետ ազգային շահերը։
ՌԴ ԱԳՆ-ը նաև ակնկալել է, որ Երևանը «չի թույլ տա ԵՄ ներկայացուցիչներին օգտագործել» Հայաստանի հետաքրքրվածությունը արտաքին տնտեսական կապերի ընդլայնման հարցում՝ վնաս հասցնելու ձևավորված քաղաքական, պատմական, հումանիտար և տնտեսական կապերին։ Մոսկվայի այս գնահատականները հնչել են Երևանում այս շաբաթվա սկզբում անցկացված երկու մեծ եվրոպական գագաթնաժողովներից հետո։
Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթում չհստակեցրեց՝ Երևանը պատրաստվո՞ւմ է անդամակցության հայտ ներկայացնել, թե ոչ։ Նա կրկնեց ավելի վաղ ասվածը, որ Հայաստանի առաջնային խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցումն է՝ եվրոպացի գործընկերների աջակցությամբ, և հավելեց.
«Եթե մեզ կընդունեն Եվրոպական միության անդամ, մենք ուրախ և երջանիկ կլինենք դրա համար, եթե մեզ չեն ընդունի... բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում», քանի որ երկիրը կդառնա ԵՄ ստանդարտներին համապատասխանող՝ դրանից բխող դրական արդյունքներով։
Պաշտոնական մակարդակով ԵՄ անդամակցության հայտի մասին որոշում չի հայտարարվել, իսկ Ռուսաստանի կողմի քննադատական արձագանքները ընդգծում են, որ Հայաստանի եվրոպական ուղղվածության շուրջ քննարկումները շարունակվելու են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։
