Պուտինը կարծում է՝ Ուկրաինայի հետ պատերազմը մոտենում է ավարտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարեց, որ իր գնահատմամբ Ուկրաինայի հետ պատերազմը «մոտենում է ավարտին»։ «Կարծում եմ, որ հարցը մոտենում է ավարտին»,— լրագրողներին ասաց նա։ Պուտինը նաև նշեց, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Եվրոպայում անվտանգային նոր կարգավորումների շուրջ՝ հավելելով, որ իր համար նախընտրելի բանակցային գործընկերը Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերն է։
Նախորդ շաբաթ Financial Times-ը, հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, թե ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր բանակցությունների։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ-ն ունի Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու «ներուժ», և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցում է դաշինքին այդ հարցում։
Պուտինի հայտարարությունները հնչեցին մայիսյան շքերթից ժամեր անց, որը այս անգամ անցկացվեց առանց ռազմական տեխնիկայի ցուցադրության։ Կարմիր հրապարակում ունեցած իր ելույթում նա կրկին վստահեցրել էր, թե Ռուսաստանը կհաղթի Ուկրաինային։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր մայիսի 9-ից 11-ը հրադադարի մասին, որին, ըստ նրա, համաձայնվել են Ռուսաստանը և Ուկրաինան։
«Ես կցանկանայի տեսնել մեծ երկարաձգում»,— ընդգծեց Թրամփը։ Կրեմլից, իր հերթին, հայտարարել էին, որ Վաշինգտոնը շտապում է խաղաղության համաձայնագիր կնքել՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար, սակայն որևէ համաձայնագրի հասնելը դեռ շատ հեռու է, քանի որ հարցերը բարդ են, և բանակցությունները գործնականում դադարեցված են։
