Պուլիցերյան մրցանակները այս տարի տրվել են Թրամփի քաղաքականության ազդեցությունը ուսումնասիրող աշխատանքներին

Պուլիցերյան մրցանակների ժյուրին այս տարի առանձնացրել է լրագրողական աշխատանքներ, որոնք խորությամբ ուսումնասիրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության ազդեցությունը՝ ընդգրկելով տարվա ամենավիճահարույց թեմաները՝ ներգաղթի քաղաքականությունից մինչև ԱՄՆ-ի զարգացման օգնության կտրուկ կրճատումներ և սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի գործին վերաբերվող փաստաթղթերի լուսաբանում։
The Washington Post-ը մրցանակի է արժանացել Թրամփի վարչակազմի կողմից դաշնային գործակալությունների վերակազմավորման հետևանքների մասին իր հրապարակումների համար։ The New York Times-ը հաղթել է այն հետաքննությունների համար, որոնք բացահայտել էին, թե ինչպես է Թրամփը օգտագործել իր իշխանությունը՝ իր ընտանիքի ֆինանսական շահերը առաջ տանելու համար։
Chicago Tribune-ի լրագրողները պարգևատրվել են քաղաքում ԱՄՆ ներգաղթի ծառայությունների գործողությունների հետևողական լուսաբանման համար։ Մրցանակներ են շնորհվել նաև արհեստական բանականության թեմայով նյութերի, Տեխաս նահանգում տեղի ունեցած մահաբեր ջրհեղեղի և Գազայում ավերածությունների վերաբերյալ ռեպորտաժների համար՝ ընդգծելով տարվա լայն և բազմազան օրակարգը։
Պուլիցերյան մրցանակների կազմակերպչական թիմը նշել է, որ այս տարվա ընտրությունը նաև մամուլի ազատության հանդեպ հանձնառության մասին է՝ մի ժամանակաշրջանում, երբ աճում են ճնշումները լրատվամիջոցների նկատմամբ։ Որպես օրինակ մատնանշվել են նախագահ Թրամփի ձեռնարկած իրավական քայլերը լրատվամիջոցների դեմ։
Պուլիցերյան մրցանակը համարվում է լրագրության ոլորտում ամենահեղինակավոր պարգևը, որը շնորհվում է նաև գրականության, երաժշտության և թատրոնի բնագավառներում ձեռքբերումների համար։
