Պիստորիուսը՝ ԱՄՆ-ի 5000 զինծառայողի Գերմանիայից դուրսբերման մասին. «սպասելի էր»

ԱՄՆ Պենտագոնը նախօրեին հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Գերմանիայից դուրս կբերի 5000 զինծառայողի։ Բեռլինում պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը քայլը որակեց սպասելի և կոչ արեց, որ եվրոպացիները ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն սեփական անվտանգության համար։
Նրա խոսքով՝ Գերմանիան «այս առումով ճիշտ ուղու վրա է», ինչի օրինակ են Բունդեսվերի ընդլայնումը, զինտեխնիկայի ավելի մեծ և արագ ձեռքբերումը, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների կառուցումը։ Պիստորիուսը հավելեց, որ ամերիկացի զինվորների ներկայությունը Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, բխում է թե՛ Բեռլինի, թե՛ Վաշինգտոնի շահերից։
Պիստորիուսը Գերմանիայում տեղակայված ԱՄՆ զորքերի ներկայիս թիվը գնահատեց «գրեթե 40,000»։ Վաշինգտոնի կողմից պաշտպանական ծախսերի վերաբերյալ կոշտ քննադատությունից հետո ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները, այդ թվում՝ Գերմանիան, խոստացել են ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական պաշտպանության համար։
Այսուհանդերձ, սուղ բյուջեների և ռազմական կարողությունների զգալի բացերի պայմաններում եվրոպական երկրներին տարիներ են անհրաժեշտ լինելու իրենց անվտանգության կարիքները բավարարելու համար։ Պիստորիուսը նաև նշեց, որ կանխատեսելի էր ԱՄՆ զորքերի դուրսբերումը Եվրոպայից, այդ թվում՝ Գերմանիայից։
