Պակիստանի վարչապետը «ջերմ և կառուցողական» զրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ այդ շփումը որակելով «ջերմ և կառուցողական»։ Շարիֆը X-ում գրել է, որ կողմերը քննարկել են «տարածաշրջանային զարգացող իրավիճակը»։
Վարչապետը նշել է, թե գնահատում է Իրանի ներգրավվածությունը, այդ թվում՝ Թեհրանի բարձր մակարդակի պատվիրակության այցը Իսլամաբադ՝ «պատմական բանակցություններին» մասնակցելու համար, ինչպես նաև Թեհրանում տեղի ունեցած վերջին քննարկումները ֆիլդմարշալ Սաեդ Ասիմ Մունիրի հետ։
Շարիֆի խոսքով՝ Պակիստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության և տարածաշրջանային կայունության միջնորդի իր դերին։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ ամերիկացի բանագնացներն այսօր պետք է ժամանեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ բանակցելու Իրանի հետ։
Իրանական լրատվամիջոցները, սակայն, հայտնում են, որ Թեհրանը պատվիրակություն չի գործուղի Իսլամաբադ, քանի դեռ ԱՄՆ-ն ծովային շրջափակման է ենթարկում Իրանը։ Ավելի վաղ Իրանի գլխավոր բանակցողը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, բայց «դեռևս կան նաև տարաձայնություններ»։
