Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԱՄՆ-ին կոչ արեց կատարել մաքսային պարտավորությունները՝ Թրամփի սպառնալիքի ֆոնին

Երևանում ունեցած հանդիպումների ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ արեց Վաշինգտոնին կատարել անցյալ տարի ձեռք բերված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ ԱՄՆ մաքսատուրքերի սահմանափակման հարցում։ Նրա հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց բարձրացնել ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը՝ պնդելով, թե Եվրամիությունը խախտում է պայմանավորվածությունները։
«Մենք այժմ գտնվում ենք մնացած մաքսային պարտավորությունների իրականացման վերջնական փուլում», — ասաց ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ «ԱՄՆ-ն ևս պարտավորություններ ունի»։
Թրամփը անցած շաբաթ հայտարարեց, որ մտադիր է մինչև 25 տոկոս բարձրացնել ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների և բեռնատարների մաքսատուրքերը՝ պատճառաբանելով, թե ԵՄ-ն չի պահպանում այն առևտրային համաձայնագիրը, որով ԱՄՆ մաքսատուրքերը ԵՄ ապրանքների մեծ մասի համար սահմանափակվել էին 15 տոկոսով։
Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։ Եվրամիությունը հերքել է մեղադրանքները և զգուշացրել հնարավոր պատասխան քայլերի մասին։ «Պայմանավորվածությունը պայմանավորվածություն է, պատրաստ ենք ցանկացած սցենարի», — ընդգծեց Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Անդրատլանտյան հարաբերությունները, ըստ դիտարկումների, ավելի են լարվել Դոնալդ Թրամփի՝ անցյալ տարվա հունվարին նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո։
Լարվածության պատճառների շարքում նշվում են Գրենլանդիայի հարցը, մաքսատուրքերի թեման, ինչպես նաև եվրոպական երկրների՝ Իրանի դեմ պատերազմին մասնակցելուց հրաժարումը։
