Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակել են 193-ական գերի, ռուս զինծառայողները Բելառուսում են

Ուկրաինան և Ռուսաստանը իրականացրել են հերթական գերիների փոխանակումը՝ 193-ը 193-ի դիմաց, հայտնում են կողմերը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ վերադարձված ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։
Նախարարությունը հավելել է, որ բոլոր զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ վերադարձվածների թվում կան զինվորներ, սահմանապահներ և ոստիկաններ։ Նրա խոսքով՝ գերիներից մի քանիսը վնասվածքներ են ստացել, իսկ մյուսների նկատմամբ Ռուսաստանում քրեական մեղադրանքներ են առաջադրվել։
Նշվում է, որ ԱՄՆ-ն և Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր են գործադրել այս փոխանակման համար։
