Ուկրաինական անօդաչուները հարվածել են Պրիմորսկի նավահանգստին. հաղորդվում է հրդեհի և նավերի վնասման մասին

Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերը այսօր հարվածել են Բալթիկ ծովի ռուսական Պրիմորսկի նավահանգստին, ինչի հետևանքով նավահանգստում հրդեհ է բռնկվել։ Ըստ հաղորդագրությունների՝ հարվածների թիրախում եղել են նաև մի շարք նավեր։ Նույն աղբյուրներով հաղորդվում է, որ նավահանգստում վնասվել են մեկ նավթատար, «Կարակուրտ» դասի հրթիռային նավ և պարեկային նավակ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ զգալի վնասներ են հասցվել նավթային նավահանգստի ենթակառուցվածքներին՝ հավելելով, որ «յուրաքանչյուր այսպիսի արդյունք ավելի է սահմանափակում Ռուսաստանի ռազմական ունակությունները»։ Նա այդ մասին գրել է իր «Թելեգրամ» ալիքում։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն իր հերթին հայտնել է, որ Պրիմորսկում բռնկված հրդեհը արագ մարվել է, նավթի արտահոսք չի եղել։ Հայտնի է նաև, որ Ուկրաինան վերջին ամիսներին մի քանի անգամ հարվածել է Պրիմորսկի նավահանգստին, ինչը ընդգծում է նավթային ենթակառուցվածքների նկատմամբ իրականացվող թիրախային հարձակումների շարունակականությունը։
