Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին խոսել է Հայոց ցեղասպանությունից ու Արցախից, Բաքուն քննադատեց

Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարեց, որ չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի, և իր գրառմամբ անդրադարձավ նաև Արցախում տեղի ունեցած իրադարձություններին։ «2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակում են գործել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։
2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարել է ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպան արշավը»,— գրել է նա սոցիալական ցանցում։ Բաքուն արձագանքել է այս հայտարարություններին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն դրանք անվանել է «կեղծ և սադրիչ»՝ շեշտելով, որ հանրային դեմքերը պետք է խուսափեն «ապատեղեկատվությունից և չխրախուսեն պառակտումը»։
Նրա ձևակերպմամբ, նման արտահայտությունները «վկայում են տարածաշրջանի պատմության և իրողությունների ոչ բավարար ըմբռնման մասին և խեղաթյուրում են փաստերը քաղաքական նպատակներով»։ Հաջիզադեն նաև հայտարարել է, որ 2020 թվականին Ադրբեջանը գործել է իր միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքների սահմաններում՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան։
