Մոսկվան և Կիևը փոխադարձաբար մեղադրում են միմյանց Զատկի զինադադարի խախտման մեջ

Զատկի զինադադարն ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի ժամ անց Մոսկվան և Կիևը սկսեցին փոխադարձաբար մեղադրել միմյանց դրա խախտման համար՝ հաղորդելով անօդաչու թռչող սարքերի հարվածների և զոհերի մասին տարբեր հատվածներից։ Ուկրաինայի Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտարարել է, որ գիշերը ռուսական ուժերի անօդաչու սարքը հարվածել է շտապ բուժօգնության ավտոմեքենային, որի հետևանքով տուժել են երեք բուժաշխատողներ։
Դոնեցկի և Խերսոնի մարզերի իշխանությունների տեղեկացմամբ՝ շաբաթ օրը ռուսական զորքերի հարվածների հետևանքով երկու մարզերում ընդհանուր առմամբ զոհվել են երեք և վիրավորվել 28 բնակիչներ։ Երեկ երեկոյան Դնեպրոպետրովսկի մարզում անօդաչու սարքի հարվածից ծանր վիրավորվել է մեկ մարդ։
Ուկրաինական DeepState նախագիծը հրապարակել է տեսանյութ, որը, ըստ նկարագրության, ցույց է տալիս ռուսական զինուժի անօդաչուների գրոհը երկու վիրավոր ուկրաինացիների վրա, որոնք զինադադարն ուժի մեջ մտնելուց հետո փորձել են տարհանվել։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Զապորոժիեի մարզում։
Ռուսաստանի կողմում Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ուկրաինական զինուժի անօդաչու սարքի հարվածի հետևանքով վիրավորվել են մարզի երկու բնակիչներ։ Անօդաչուների գրոհների մասին հաղորդումներ են ստացվել նաև Կուրսկի մարզից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինային մեղադրել է զինադադարի 1971 խախտման համար, սակայն այս տվյալների հավաստիությունը անկախ աղբյուրներով ստուգել հնարավոր չէ։
Այդուհանդերձ, ուկրաինական Exilenova տելեգրամյան ալիքը վստահեցնում է, որ զինադադարը ռազմաճակատի հատվածների մեծ մասում իրոք գործում է։ «Երկու կողմից էլ թռչում են հետախուզական անօդաչու թռչող սարքեր. երկու կողմում էլ դրանք խոցվում են»,— գրում է ալիքը։ Ռուսամետ մի շարք ալիքներ հաղորդում են համանման պատկերի մասին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հայտարարել էր Ուկրաինայի հետ «Զատկի զինադադարի» մասին՝ ապրիլի 11-ի ժամը 16-ից մինչև կիրակի օրվա ավարտը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահեցրել էր, որ իր երկիրը կպահպանի հրադադարի ռեժիմը և «կգործի բացառապես հայելային».
«Երկնքում, երկրի վրա և ծովում ռուսական հարվածների բացակայությունը կնշանակի մեր պատասխանների բացակայություն»։
