ՄԾԿ ղեկավարն ասում է՝ Հորմուզի իրանական շրջափակման պատճառով Պարսից ծոցում արգելափակված է մոտ 1,500 նավ

Մոտ 1,500 նավ արգելափակված է Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցի իրանական շրջափակման հետևանքով, նախօրեին հայտարարել է Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։ Պանամայում նա նշել է, որ այժմ արգելափակված են մնացել նաև մոտ 20,000 անձնակազմի անդամ։
Դոմինգեսը շեշտել է, որ նավերի անձնակազմերը «անմեղ մարդիկ են, որոնք ամեն օր իրենց աշխատանքն են կատարում այլ երկրների օգտի համար» և հայտնվել են «իրենց վերահսկողությունից դուրս գտնվող աշխարհաքաղաքական իրողության ծուղակում»։ Նրա խոսքով՝ պատերազմի մեկնարկից ի վեր նավերի դեմ արձանագրված 30 հարձակումների հետևանքով զոհվել է 10 նավաստի։
Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղարկված նամակում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Հորմուզի նեղուցով կանոնավոր բեռնափոխադրման աշխատանքները «կվերսկսեն, երբ պատերազմը մշտապես ավարտվի և վերացվեն Իրանի դեմ պատժամիջոցներն ու շրջափակումը»։
Մինչ պատերազմը Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում սպառվող նավթի և գազի մոտ 20 տոկոսը։ Թեհրանը այժմ ուսումնասիրում է Պակիստանի միջնորդությամբ ներկայացված՝ պատերազմն ավարտելու ամերիկյան առաջարկությունը։ Պաշտոնական արձագանք առայժմ չի հնչել։
