«Միասնության թևերն» ու «Լուսավոր Հայաստանը» փաստաթղթերը ներկայացրին ԿԸՀ-ին. այսօր վերջնաժամկետն է

Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու պահին երկու քաղաքական ուժ՝ «Միասնության թևերը» և «Լուսավոր Հայաստանը», այսօր իրենց փաթեթները ներկայացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին.
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ ընտրացուցակում ընդգրկված է 80 անձ: Ցուցակում ներառված են նաև «Շանթ» կուսակցության և «Առաջ արժանապատվության» շարժման անդամներ: Ցուցակը գլխավորում է Արման Թաթոյանը, երկրորդ տեղում է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, երրորդում՝ Հասմիկ Ղազարյանը: Հարցին, թե ինչու չիրականացավ նախապես դիտարկված համագործակցությունը Ավետիք Չալաբյանի «Հայաքվե» նախաձեռնության հետ, կուսակցության նախագահ Արմեն Գալստյանը նշեց, որ խնդիրը ընտրացուցակների տեղաբաշխումը չէր.
նրա խոսքով՝ միասնական հանդես գալու համար կար որոշ հարցերի համաձայնեցման անհրաժեշտություն, և ծրագրային մոտեցումներում կային տարբերություններ: ԿԸՀ իր փաստաթղթերն այսօր ներկայացրեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Կուսակցության ցուցակը գլխավորում է նախագահ Էդմոն Մարուքյանը, երկրորդը Կարպիս Փաշոյանն է, երրորդը՝ Շուշան Ավագյանը: Լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը հերքեց պնդումները, թե իրենց ուժը ընտրապայքար է մտել ընդդիմության ձայները «փոշիացնելու» համար, և հավելեց, որ իշխող ուժի հետ համագործակցություն չի դիտարկվում.
«Իշխող ուժի հետ այլևս մատաղ ուտելու անգամ չենք գնալու: Մնացյալը ցույց կտա խորհրդարանում ընդհանուր պատկերը»,— ասաց նա: Այսօր լրանում է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերի փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը: Իրենց ընտրացուցակները ավելի վաղ ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը» և «Ուժեղ Հայաստան» դաշինքը:
