ՄԹ ծովային առևտրի գործակալությունը հայտնում է՝ Հորմուզում անհայտ արկը հարվածել է լցանավի

Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործակալությունը հայտնել է, որ Հորմուզի ջրուղում անհայտ ծագման արկը հարվածել է լցանավի։ Տեղեկությունն հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «չեզոք» երկրների նավերին նեղուցից դուրս ուղեկցում ապահովելու մասին նախօրեին արված հայտարարությունից քիչ անց։
Գործակալությունը հաղորդում է, որ դեպքի մասին մանրամասներ քիչ են հայտնի։ Նշվում է միայն, որ միջադեպը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների ափից 78 ծովային մղոն հեռավորության վրա, իսկ տուժածների մասին տեղեկություն չկա։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ մեկնարկած ամերիկա-իսրայելական համատեղ հարձակմանն ի պատասխան Իրանն արգելափակել է Հորմուզով տարանցվող բեռնափոխադրումների զգալի մասը, ինչի հետևանքով էներգիայի համաշխարհային գները սրընթաց աճել են։ Ապրիլի 8-ին հրադադարի հաստատումից հետո Վաշինգտոնը հայտարարեց Հորմուզը շրջափակելու մասին, որի ընթացքում ամերիկյան ուժերն արդեն մի քանի նավ են առգրավել։
Նախքան պատերազմը Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում սպառվող նավթի և գազի շուրջ 20 տոկոսը։ Պատերազմի մեկնարկից հետո պարբերաբար հաղորդվել է Հորմուզում Իրանի կողմից նավերի խոցման մասին։ Նեղուցում շարունակվող լարվածությունը շարունակում է խորացնել ծովային անվտանգության և էներգետիկ շուկաների շուրջ անորոշությունը։
