Մայր Աթոռը ապօրինի է համարում քրեակատարողականներում հոգևորականների մուտքի արգելքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոշտ արձագանքել է քրեակատարողական հիմնարկներ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մուտքի արգելքին՝ այն որակելով ապօրինի։ Էջմիածինը հայտարարում է, որ նման որոշումը կայացրել է Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։
Մայր Աթոռի արձանագրումով, ծառայությունը շրջանցել է ոչ միայն Էջմիածնի ներքին ընթացակարգերը, այլև անտեսել իրավական կարգավորումները՝ անհատական կարգով աշխատանքային պայմանագրեր կնքելով որոշ հոգևորականների հետ։
Հայտարարությունում այս քայլը ներկայացվում է որպես իշխանությունների «թիրախավորված ու հակաեկեղեցական արշավ»՝ ուղղված օրենքով երաշխավորված եկեղեցու հովվական ծառայության սահմանափակմանը, ինչը, ըստ Մայր Աթոռի, դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։ Նուբարաշենում 16 տարի ծառայող Գրիգոր քահանան ավելի վաղ ասել էր, որ իրեն արգելվել է մուտք գործել բանտ և շփվել իր հավատացյալների հետ։
Բանտերում հոգևոր ծառայության պատասխանատու Իսահակ վարդապետը նշել էր, որ խնդիր կա նաև Վանաձորի բանտում՝ հավելելով, որ տասնամյակների համերաշխ համագործակցությունից հետո այժմ Քրեակատարողական ծառայությունը խոչընդոտներ է ստեղծում հոգևորականների համար։ Քրեակատարողական ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Տեր Գրիգորի մուտքը սահմանափակվել է, քանի որ նա բանտում քաղաքական հայտարարություններ է հնչեցրել։
Ծառայության ղեկավարությունը նաև արձագանքել է հարցերին՝ ընդգծելով, որ ծառայությունն ավելի կարիքահեն դարձնելու նպատակով պայմանագրեր են կնքվել Հայ Առաքելական եկեղեցու քահանաների հետ, որոնք կծառայեն քրեակատարողական հիմնարկներում։ Մայր Աթոռը այսօր կրկին պնդել է, որ կիրառվող գործելակերպը կոպիտ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին և հորդորել է Արդարադատության նախարարությանը հարգել օրենքը։
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունը գործում է դեռևս 1990-ականներից. քահանաները այցելում են խցեր, վարում զրույցներ, ինչպես նաև կատարում մկրտություն, պսակ և պատարագներ։
