ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրին. մեդիայի դերը և հավասար պայմանները՝ ընտրական օրակարգում

Մայիսի 6-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) և Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) համատեղ աշխատաժողով են անցկացրել «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Մասնակցել են Հայաստանում գործող այն տեսալսողական մեդիածառայություն մատուցողները, որոնք ՀՌՀ-ին ընտրությունները լուսաբանելու հայտ են ներկայացրել, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Ողջույնի խոսքում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ առանց էլեկտորալ ժողովրդավարության ժողովրդավարություն չի լինում, և իր համոզմամբ դրա հիմնարար տարրերից է ազատ մեդիան։ Նա ընդգծեց, որ Հայաստանում առկա են ազատ մամուլի և ազատ ընտրությունների համակարգեր, և կարևորվեց դրանց պաշտպանությունն ու արդյունավետ կիրառումը։
Հակոբյանի խոսքով՝ հատկապես կարգավորման տակ գտնվող հեռարձակող մեդիայի դերակատարումը, որն ապահովում է երկրի օրակարգի սպասարկումը, անգնահատելի է։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն իր խոսքում ընդգծեց, որ թեև ընտրությունները որոշվում են քվեատուփի մոտ, դրանց իրական որակը կախված է տեղեկատվական միջավայրից։
Նրա խոսքով՝ տեսալսողական մեդիան ունի առանձնահատուկ կարևոր դեր՝ ապահովելու ճշգրիտ, բազմազան և հավասարակշռված տեղեկատվություն, ինչպես նաև քաղաքական ուժերի արդար ու թափանցիկ մրցակցություն։ Նա նաև մատնանշեց աճող մարտահրավերները՝ ապատեղեկատվություն, օտար տեղեկատվական մանիպուլյացիաներ և միջամտություններ, ատելության խոսք, ինչպես նաև արհեստական բանականության չարաշահում, ընդգծելով, որ այդ ռիսկերը հատկապես զգայուն են ընտրական ժամանակահատվածում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը շեշտեց, որ խոսքի ազատությունը չի կարող վերածվել ամենաթողության։ Նրա խոսքով՝ մայիսի 4-ին ընդունված կարգը, որ մշակվել է ՀՌՀ-ի հետ համատեղ, հնարավորություն է տալիս մեդիային առաջնորդվել հստակ չափանիշներով, մասնավորապես՝ անթույլատրելի բովանդակությամբ քարոզչական հոլովակների դեպքերում։
Հովակիմյանը նշեց, որ քարոզչության ընթացքում պետք է պահպանվեն հավասար և ոչ խտրական պայմաններ, և եթե մեդիան ծառայություն է մատուցում մեկ քաղաքական ուժի, նույն պայմաններով պետք է պատրաստ լինի այն մատուցել նաև մյուսին։
ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանն ու ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը ներկայացրեցին հունիսի 7-ի հերթական ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կիրառվող իրավական կարգավորումները և իրավախախտումների արձանագրման ընթացակարգերը։
Ներկայացվել է նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, այն դեպքերը, երբ կարող է մերժվել նախընտրական քարոզարշավի տեսանյութը, քաղաքական գովազդի իրազեկման պահանջները, ինչպես նաև լրագրողների վարքագծի կանոնների շրջանակը։
Աշխատաժողովին առցանց ձևաչափով ելույթ ունեցավ ԵԽ Խոսքի ազատության համագործակցության բաժնի ծրագրի պատասխանատու Էվանգելիա Վասալուն, ապա ԵԽ միջազգային փորձագետ Իվա Նենադիչը ներկայացրեց արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության և ապատեղեկատվության խնդիրները։
Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով, որի ընթացքում մեդիայի ներկայացուցիչները բարձրացրել են իրենց հուզող հարցերը։
