Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ում հաստատեց գենդերային հավասարությանն ուղղված ջանքերը

Մարտի 9-ից 19-ը Նյու Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (CSW) 70-րդ նստաշրջանը, որը նվիրված էր կանանց և աղջիկների համար արդարադատության հասանելիության ապահովմանն ու ամրապնդմանը։
Հայաստանի պատվիրակությունը ակտիվ մասնակցություն ունեցավ նստաշրջանի աշխատանքներին՝ ելույթներ ունենալով ընդհանուր քննարկումներում, նախարարական կլոր սեղանին, ինչպես նաև «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն» թեմայով բարձրաստիճան հանդիպմանը։ Պատվիրակությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում և ներկայացրեց գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։
Նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը համակազմակերպեց «CSW պարտավորություններից դեպի CBD COP17՝ գենդերային հավասարության առաջընթաց կենսաբազմազանության ոլորտում» խորագրով միջոցառում։ Այն նվիրված էր գենդերային հավասարության և կենսաբազմազանության օրակարգերի փոխկապակցվածության խորացման հնարավորություններին։
Միջոցառմանը մասնակցեցին նաև ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության և Ֆիլիպինների մշտական ներկայացուցչությունները, ՄԱԶԾ-ն, ՄԱԿ Կանայք և ՄԱԿ Բնակչության հիմնադրամը։ Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին նաև գենդերային հավասարությանն ուղղված միջազգային համագործակցության հեռանկարները և համաշխարհային մարտահրավերների հաղթահարման ուղիները։
