Կուրսկի կենտրոնում նախատեսվում է տեղադրել Բրեժնևի հուշարձան

Ռուսաստանի Կուրսկ քաղաքի կենտրոնում նախատեսվում է տեղադրել ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Լեոնիդ Բրեժնևի հուշարձանը: Այս մասին հայտարարել է Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը՝ Բրեժնևի ծննդյան 120-ամյակի տարածաշրջանային կազմկոմիտեի նիստում.
Խինշտեյնի ասելով՝ քաղաքի բնակիչները «իրավամբ իրենց հայրենակիցն են համարում» Բրեժնևին. նրա ընտանիքը «ծագումով Կուրսկի շրջանի Բրեժնևո գյուղից է», իսկ ինքը սովորել է Կուրսկում և «ապագա կնոջը հանդիպել է պարերի ժամանակ».
Ըստ «Նաստոյաշչեե Վրեմյա» ծրագրի՝ հուշարձանը տեղադրելու առաջարկի հեղինակը Կուրսկի մարզի պատվավոր քաղաքացի, գեներալ, ռազմական բժիշկ և գործարար Գենադի Դյումինն է՝ Ռուսաստանի նախագահի օգնական Ալեքսեյ Դյումինի հայրը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ ավագ Դյումինը պատրաստվում է ստանձնել բոլոր ծախսերը: Առաջարկվում է նաև պողոտաներից մեկն անվանակոչել Բրեժնևի անունով.
Լեոնիդ Բրեժնևը ծնվել է 1906 թվականին Ուկրաինայի Դնեպրոձերժինսկում (այժմ՝ Կամենսկոյե): Նա ղեկավարել է Խորհրդային Միության կոմկուսը 1964-ից մինչև կյանքի ավարտը՝ 1982 թվականը: Ռուսաստանում Բրեժնևի արձան արդեն կա Նովոռոսիյսկում, որտեղ նա կռվել է, և որին նվիրված է նրա «Մալայա զեմլյա» հուշագրությունը, ԽՍՀՄ-ում հրատարակված միլիոնավոր օրինակներով.
