Կոշտա. Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը պատմական է, Հայաստանը դարձել է ԵՄ–Ասիա կապի հանգույց

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը պատմական որակեց՝ ընդգծելով, որ Հայաստանը դարձել է փոխկապակցվածության հանգույց Եվրամիության և Ասիայի միջև։ Նա այս գնահատականը հնչեցրեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարության ընթացքում։
Կոշտան շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց, որ չնայած Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, երկրի ղեկավարությունը արմատապես փոխել է պայմանները։ Նրա խոսքով՝ Փաշինյանը դրսևորել է խիզախություն և պետական մտածողություն՝ գերակայություն տալով խաղաղությանը և երկրի ավելի լավ ապագային։
Եվրոպական խորհրդի նախագահը շեշտեց, որ կայուն և բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է, և հավելեց, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղության և նորմալացման գործընթացին։ Գագաթնաժողովը պատմական գնահատեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ եթե Հայաստանը ընդունվի ԵՄ-ում, դա մեծ ուրախություն կլինի, իսկ եթե ոչ, երկիրը կլինի շահած դիրքում, քանի որ կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին։
