Իսրայելը տարհանման նոր հրահանգ է տվել հարավային Լիբանանի երկու քաղաքի բնակիչներին

Իսրայելի պաշտպանության բանակը առավոտյան կոչ է արել հարավային Լիբանանի երկու քաղաքի բնակիչներին տարհանվել՝ հայտարարելով, որ «Հեզբոլլահ»-ը խախտել է ապրիլին հաստատված հրադադարը, և բանակը «ստիպված է գործել դրա դեմ ուժային միջոցներով»։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Դրան նախորդել էր Իսրայելի մեղադրանքը, ըստ որի «Հեզբոլլահ»-ը հարավային Լիբանանում իր ուժերի դեմ երկու ականանետային հարձակում է իրականացրել։
Իսրայելի զինված ուժերը նաև պնդում են, որ հրադադարի համաձայնությունը թույլ է տալիս գործել «պլանավորված, վերահաս կամ շարունակական հարձակումների» դեմ։ Կողմերը փոխադարձաբար մեղադրում են միմյանց հրադադարի բազմաթիվ խախտումների մեջ։ Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ մայիսի 4-ին Իսրայելի հարձակումների հետևանքով երկրում զոհվել է 17 մարդ, իսկ ապրիլի 30-ից ի վեր իսրայելական հարվածներից զոհվածների թիվը հասել է 110-ի։
Իսրայելը հայտնում է, որ նույն ժամանակահատվածում իր 17 զինվոր է սպանվել և մեղադրում է «Հեզբոլլահ»-ին հարյուրավոր հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր արձակելու համար։ «Հեզբոլլահ»-ը չի ստորագրել Իսրայելի և Լիբանանի միջև ապրիլին հաստատված հրադադարը, բայց հայտարարել էր, որ կհետևի դրա պայմաններին, եթե Իսրայելը նույնպես հետևի։
Լիբանանը ներքաշվել է տարածաշրջանային հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից սկսել է հարձակումներ Իսրայելի դեմ։
