Թրամփը հայտարարում է՝ Իրանի ռազմածովային շրջափակումը կշարունակվի, մինչև Թեհրանը չհամաձայնի գործարքի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ռազմածովային շրջափակումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև Թեհրանը չհամաձայնի գործարքի, որը կփարատի Վաշինգտոնի մտահոգությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Axios-ին տված մեկնաբանություններում Թրամփը ասել է, որ շրջափակումը, իր գնահատմամբ, ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը։
Նա պնդել է, թե սահմանափակումները տնտեսապես «խեղդում են» Իրանին և որ Թեհրանի համար «հաջորդիվ էլ ավելի վատ է լինելու»։ Նախագահը նաև պնդել է, թե Իրանը ցանկանում է գործարքի գնալ, սակայն ինքը չի պատրաստվում վերացնել շրջափակումը, քանի որ այն «շատ արդյունավետ» է ընթանում.
«Շրջափակումը հանճարեղ է, լա՞վ։ Շրջափակումը 100 տոկոսով անթերի է եղել։ Դա ցույց է տալիս, թե որքան լավն է մեր նավատորմը, կարող եմ դա ձեզ ասել։ Ոչ ոք խաղեր չի խաղալու», — ասել է Թրամփը։ Axios-ը հայտնում է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը սկսել է մշակել Իրանի դեմ «կարճատև և հզոր» հարձակման ծրագիր՝ այն դեպքում, եթե բանակցությունները ձախողվեն։
Նույն աղբյուրի համաձայն՝ հրամանատարությունը նոր պլանը պատրաստվում է ներկայացնել նախագահին այսօր։ Սպիտակ տունը և Կենտրոնական հրամանատարությունը չեն մեկնաբանել Axios-ի հրապարակած տեղեկությունները։
