Թրամփը հայտարարեց, որ «հավանաբար» կքննարկի Իտալիայից և Իսպանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հավանաբար» կքննարկի Իտալիայից և Իսպանիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը՝ կոշտ քննադատելով ՆԱՏՕ-ի այս երկու դաշնակիցներին Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չաջակցելու համար։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը պնդել է, թե Իտալիան «որևէ կերպ չի օգնել» Միացյալ Նահանգներին, իսկ Իսպանիային որակել է «բացարձակ սարսափելի»։
Նրա դժգոհության պատճառը, ըստ հաղորդումների, այն է, որ Մադրիդը և Հռոմը թույլ չեն տվել Իրանի դեմ գործողություններին մասնակցող ամերիկյան ռազմական ինքնաթիռներին օգտագործել իրենց տարածքում գտնվող ռազմաբազաները։ Թրամփի այս հայտարարությունները հաջորդել են ավելի վաղ հնչեցրած սպառնալիքներին՝ Գերմանիայից ամերիկյան զորքերի թվի հնարավոր կրճատման մասին։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Իսպանիան, Իտալիան և Գերմանիան քննադատել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները։
