Թրամփը՝ Իրանին. «Կարող եք զանգահարել», բայց առանց միջուկային զենքի հավակնություններից հրաժարվելու հանդիպում չի լինելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կարող է զանգահարել» Վաշինգտոնին, եթե ցանկանում է բանակցել, սակայն ընդգծել է, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած ծրագրից, հակառակ դեպքում «հանդիպելու ոչ մի պատճառ չկա»։ «Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ, կամ կարող են զանգահարել մեզ։
Գիտեք՝ հեռախոս կա։ Մենք ունենք լավ, անվտանգ հեռախոսագծեր», — նախօրեին Fox News-ին ասել է Թրամփը՝ հավելելով. «Նրանք գիտեն, թե ինչ պետք է լինի համաձայնագրում։ Դա շատ հստակ է. նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, այլապես հանդիպման ոչ մի պատճառ չկա»։ Թեհրանը հայտարարում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներ է հետապնդում, մինչդեռ ԱՄՆ-ը և Իսրայելը մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու գաղտնի փորձերի համար։
Թրամփը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, ինչը Թեհրանը մերժում է։ Պակիստանում ԱՄՆ–Իրան հնարավոր բանակցությունների շուրջ անորոշության ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ այսօր ակնկալվում է նրա հանդիպումը Թեհրանի կարևորագույն դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Axios գործակալությունը, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի, հաղորդել է, որ Իրանը՝ Պակիստանի միջնորդությամբ, ամերիկյան կողմին փոխանցել է առաջարկ Հորմուզի նեղուցը վերաբացելու և փետրվարի 28-ին սկիզբ առած պատերազմն ավարտելու վերաբերյալ։ Ըստ Axios-ի՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավելի ուշ կընթանան։
