Թրամփը Իրանի հետ բանակցությունների մասին՝ «լավ, խորքային և կառուցողական»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 22-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ, որոնք նա բնութագրել է որպես «լավ, խորքային և կառուցողական»։ Իրանական կողմը, Թրամփի խոսքով, բանակցողին անվանել է «ուժեղ առաջնորդ», թեև կոնկրետ անձի անուն չի նշվել։
Իսրայելական աղբյուրները ենթադրում են, որ խոսքը Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի մասին է, սակայն վերջինս պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը։ Բանակցությունների նախապատրաստման գործում, ըստ իսրայելական ynet լրատվականի, կարևոր դեր են խաղացել Կատարը, Թուրքիան և Պակիստանը, որոնք Թրամփի վրա «լուրջ ազդեցություն» են գործել՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու և հնարավոր գործարք կնքելու հարցում։
Մեկնաբանները ենթադրում են, որ իրանա-ամերիկյան բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն այս շաբաթ՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Ամերիկյան պատվիրակությունը, ըստ նույն աղբյուրների, գլխավորելու է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ Սթիվեն Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները կմասնակցեն որպես փորձագետներ։
Թրամփը բանակցությունների համար սահմանել է հնգօրյա ժամկետ, սակայն իսրայելական աղբյուրների պնդմամբ՝ նրա իրական նպատակը Իրանի հետ պատերազմը դադարեցնելն է մինչև ապրիլի 9-ը՝ Իսրայել այցելելու և անկախության տոնի առթիվ մրցանակ ստանալու հնարավորություն ունենալու համար։
ԱՄՆ նախագահը չի բացառել նաև իր և Իրանի բարձրագույն ղեկավարության՝ այաթոլլայի հետ հանդիպման հնարավորությունը։ Այս հայտարարությունը քաղաքական շրջանակներում դիտարկվում է որպես Թրամփի նախնական ռազմավարության՝ Իրանի կրոնապետությունը տապալելու և աշխարհիկ իշխանություն հաստատելու նպատակից զգալի շեղում։
Նա փաստացի ընդունել է, որ Իրանի պետական համակարգը դիմակայել է մոտ երեքշաբթյա հրթիռակոծումներին։ Տարածաշրջանի երկրները, ներառյալ Թուրքիան և արաբական պետությունները, կարող են Իրանի հետ համաձայնության գալ Հորմուզի նեղուցի, միջուկային և հրթիռային ծրագրերի, ինչպես նաև տնտեսական շահերի հարցերում։
Սակայն Իսրայելի դիրքորոշումը մնացել է բարդ։ Երուսաղեմը հասկացել է, որ Իրանը «ծնկի չի եկել», ինչը կարող է հետագա հարաբերությունները դարձնել ավելի լարված։ Այսպիսով, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ստիպված կլինեն Իրանի հետ համաձայնեցնել նաև Իսրայելի անվտանգության երաշխիքների հարցը։
Այնուամենայնիվ, այս բոլոր ենթադրությունները հիմնված են Թրամփի ոչ պաշտոնական հայտարարությունների վրա, և իրականում պատերազմը կարող է վերսկսվել նոր թափով հնգօրյա «միջնադադարից» հետո։
