Թրամփը. ԱՄՆ-ն չի կիրառի միջուկային զենք Իրանի դեմ, Թեհրանի պատասխանին չեմ շտապում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ մի դեպքում միջուկային զենք չի կիրառի Իրանի դեմ: «Ո՛չ։ Ո՛չ, չեմ անի նման բան։ Մեզ դա պետք չէ»,— ասել է նա՝ նաև նշելով, որ Իրանից ամերիկյան առաջարկների վերաբերյալ պատասխանի հարցում չի շտապում։ Թրամփը հավելել է, որ «ունի աշխարհի ողջ ժամանակը, իսկ Իրանը՝ ոչ», պնդելով, թե ժամանակը աշխատում է Իրանի դեմ։
Նրա խոսքով՝ ցանկացած գործարք կկնքվի միայն այն ժամանակ, երբ այն նպատակահարմար և լավ լինի ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և, ըստ էության, մնացած աշխարհի համար։ Թրամփի երեկվա հայտարարությանը արձագանքել են Իրանի նախագահը, արտգործնախարարը և խորհրդարանի խոսնակը։ Մասուդ Փեզեշքիյանը, Աբբաս Արաղչին և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցերում տարածել են նույնաբովանդակ հայտարարություն՝ նշելով.
«Իրանում չկան արմատականներ կամ չափավորներ. մենք բոլորս „իրանցիներ“ ենք և „հեղափոխական“, որտեղ ազգն ու կառավարությունը երկաթե միասնություն ունեն, լիովին հնազանդ հեղափոխության գերագույն առաջնորդին։ Մենք կստիպենք ագրեսոր հանցագործին զղջալ իր գործողությունների համար»։
Իրանի պաշտոնական արձագանքը հնչեց Թրամփի երեկվա ձևակերպումից հետո, թե Թեհրանում «չգիտեն, թե ով է իրենց ղեկավարը» և չեն կարողանում միասնական պատասխան տալ ամերիկյան առաջարկներին։
