ԵՄ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները դադարեցնել

Եվրոպական խորհուրդը մարտի 19-ին ընդունված եզրակացություններում կոչ է արել Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում դադարեցնել էներգետիկ և ջրամատակարարման համակարգերի վրա հարվածները։ Փաստաթղթում ընդգծվում է լարվածության թուլացման, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության, ինչպես նաև միջազգային իրավունքի լիակատար հարգանքի կարևորությունը։
Եվրոպական խորհուրդը իր դիրքորոշման մեջ նշել է, որ ցավակցում է քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ և ուշադրությամբ հետևում է ռազմական գործողությունների հեռահար հետևանքներին, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական կայունության վրա։ Փաստաթղթում նաև պահանջվում է բոլոր կողմերի կողմից Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների պահպանում։
Բացի այդ, Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող հակամարտության հնարավոր հետևանքները։ Հանձնաժողովին հանձնարարվել է հետևել էներգապաշարների գներին, մատակարարման շղթաներին և միգրացիոն գործընթացներին, ինչպես նաև առաջարկել անհրաժեշտ գործողություններ։
