Գարեգին Երկրորդը «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշակոթողին

Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց «Հաղթանակ» զբոսայգի։ Նա ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և աղոթք բարձրացրեց հանուն Հայաստանի ու հայկական աշխարհի զոհված մարտիկների հիշատակի։
Կաթողիկոսը աղոթեց Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում կյանքը նվիրաբերածների հոգիների հանգստության և խաղաղության համար՝ հիշատակելով նրանց ինքնանվիրումն ու զոհաբերությունը։ Մայիսի 9-ի առթիվ հղած ուղերձում Գարեգին Երկրորդը նշել է. «Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։
Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»։ Նրա խոսքով, անցյալի այս իրադարձությունները «պետք է մեզ ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին»։
