Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպեց Ռուսեի քաղաքապետին՝ տնտեսական, կրթական և մշակութային կապերի խորացման օրակարգով

Բուլղարիայի Ռուսե քաղաք կատարած այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը պաշտոնական հանդիպում ունեցավ քաղաքապետ Պենչո Միլկովի հետ, հայտնում է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։ Զրույցի կենտրոնում էին Ռուսեի և Հայաստանի քաղաքների քույրացման նախաձեռնությունները և տնտեսական կապերի խորացումը։
Կողմերը քննարկեցին նաև համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և Ռուսեի հայ համայնքի դերը՝ որպես ապագա համագործակցության հիմնական կամուրջ։ Քաղաքապետ Միլկովը հանդիպման ընթացքում ընդգծեց հայ համայնքի երկարամյա նշանակալի ներդրումը քաղաքի արդյունաբերական և մշակութային վերելքի մեջ՝ հատկապես նշելով նրա ակտիվությունը հասարակական կյանքում։
«Ռուսեն ոգու և համատեղ պատմության քաղաք է։ Հայ համայնքը մեր ինքնության անբաժանելի մասն է, և մենք բարձր ենք գնահատում նրա ակտիվ դերը հասարակական կյանքում»,— ասաց նա։
Հանդիպմանը ձևակերպվեցին մի շարք գործնական ուղղություններ՝ գործարար պատվիրակությունների փոխանակում և գործընկերություն Ռուսեի և Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների միջև, համագործակցություն Ռուսեի համալսարանի և Հայաստանի կրթական հաստատությունների միջև թվայնացման ոլորտում, ինչպես նաև համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպում։
Քաղաքապետը ներկայացրեց նաև տարածաշրջանի տնտեսական դիմանկարը և քաղաքի առավելությունները՝ որպես արդյունաբերական կենտրոն։ Դեսպան Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և տեղական ինքնակառավարման մարմիններին հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերի համար և վստահեցրեց, որ Ռուսեի հետ Հայաստանի քաղաքների քույրացման գործընթացը կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը։
Ռուսեի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը մասնակցեց նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Ռուսեի մասնաճյուղի նախագահ, դոկտոր Բողոս Գարջարյանը։
