Արցախի գործակալություն. ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածածին Սուրբ Հովհաննես եկեղեցին

Արցախի Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածածին Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցից առաջ։
Գործակալության փոխանցմամբ՝ տեղի ունեցածը ոչ թե պարզապես շինության քանդում է, այլ «մշակութային ցեղասպանություն» և հայրենիքի ջնջման ծրագրային գործընթաց, որի նպատակն է վերացնել արցախահայ պատմական հիշողությունը, մշակույթն ու հոգևոր ներկայությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ոչ միայն քարերն են ավերվում, այլև մարդկանց ինքնությունը, անցյալն ու ապագայի իրավունքը»։
Գործակալությունը անընդունելի է որակում Հայաստանի Հանրապետության իշխանությունների «գրեթե լիակատար լռությունը»՝ շեշտելով, որ սրբավայրերի ոչնչացման պարագայում «լռությունը այլևս չեզոքություն չէ, այն դառնում է կատարվող հանցանքի գործակից»։
Նույնքան դատապարտելի և վտանգավոր է ներկայացվում նաև միջազգային հանրության, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող միջազգային ու մասնագիտացված կառույցների լռությունը, որը, ըստ հայտարարման, «ոչ միայն չի կանգնեցնում հանցագործին, այլև խրախուսում է նոր հանցագործություններ՝ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով»։
Գործակալությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին անմիջապես և հստակ քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին, հրապարակայնորեն դատապարտել Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և ակտիվ դիվանագիտական քայլերով բարձրացնել հարցը միջազգային հարթակներում։
Միևնույն ժամանակ հայտարարությունում ընդգծվում է, որ Արցախի հայ ժողովրդի վերադարձի իրավունքը «անօտարելի է և չի կարող կասկածի ենթարկվել», իսկ մշակութային ժառանգության վերացումը միտված է այդ իրավունքի ժխտմանը՝ հանրային հիշողության ջնջման միջոցով։ Գործակալության տվյալներով՝ 2000–2019 թվականներին կառուցված Սուրբ Աստվածածին Սուրբ Հովհաննես եկեղեցին Ստեփանակերտի կարևորագույն հոգևոր կենտրոններից էր։
Այն վերականգնել էր տարածքում եկեղեցական ներկայության դարավոր շարունակականությունը, որտեղ 19-րդ դարի վերջից գործող եկեղեցին խորհրդային տարիներին փակվել և վերափոխվել էր աշխարհիկ շինության։ Նորը կառուցված տաճարը դարձել էր հավատքի վերածննդի, հիշողության պահպանման և հայկական ինքնության շարունակականության կենդանի խորհրդանիշը։
Հայտարարման եզրափակմամբ նշվում է, որ եկեղեցու ոչնչացումը նույն ողբերգական շղթայի հերթական դրվագն է, որը սկսվել է մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանությամբ, և, ըստ հեղինակների, շարունակվում է այսօր՝ ուղղված ոչ միայն քարերին, այլև հիշողությանը, արժանապատվությանը և մարդկանց հայրենիք վերադառնալու իրավունքին։
