Արարատի մարզի դատախազը ազատվել է աշխատանքից. իրավապահ համակարգում հինգերորդ պաշտոնանկությունը

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը ազատվել է աշխատանքից սեփական դիմումով, հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Այս փոփոխությունը դարձավ իրավապահ համակարգում արդեն հինգերորդ պաշտոնանկությունը՝ Վեդիում ամիսներ առաջ արձանագրված անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործի բացահայտումից հետո։
Երեկ աշխատանքից ազատվել էին նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ Արմեն Մկրտչյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։
Վեդիի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության մասին ահազանգը դպրոցը ներկայացրել էր դեռևս փետրվարին, որից հետո թեման բարձրաձայնվել էր նաև լրագրողների կողմից։ Անչափահասների փաստաբանների պնդմամբ՝ իրավապահների անգործության հետևանքով բռնությունը շարունակվել է մինչև ապրիլի 22-ը։
Արարատի մարզի իրավապահ կառույցներում տեղի ունեցող կադրային փոփոխությունները կատարվում են նշված դեպքերի բացահայտումից հետո։
