Արաղչին. նավարկության ազատությունը առանց առևտրի ազատության գոյություն չունի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ չէ, սակայն նավերի երթևեկությունը տատանվում է, քանի որ ապահովագրողները վախենում են տարածաշրջանում հնարավոր պատերազմից։ «Նավարկության ազատությունը չի կարող գոյություն ունենալ առանց առևտրի ազատության։
Հարգեք երկուսն էլ, հակառակ դեպքում՝ ոչ մեկն էլ չեք ունենա», – նշել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ օրը սպառնացել էր հարվածել Իրանի էլեկտրակայաններին, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չվերաբացի ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։ Հորմուզի նեղուցով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։
Վերջին օրերին Իրանը թույլատրել է իր համար բարեկամ համարվող երկրներից մի քանի նավերի անցումը, միաժամանակ զգուշացնելով, որ կխոչընդոտի այն երկրների նավերին, որոնք, Իրանի խոսքով, միացել են իր դեմ «ագրեսիային»։ Ի պատասխան Թրամփի սպառնալիքների՝ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է թիրախավորել տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները։
