Աշխարհի առաջնությունից շաբաթներ առաջ Կանադան մուտք չի թույլատրել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին

Աշխարհի առաջնության մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ առաջ Կանադան մուտք չի թույլատրել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին, որոնք նախատեսում էին մասնակցել ՖԻՖԱ-ի նիստին։
Իրանական «Թասնիմ» գործակալության տեղեկացմամբ՝ ֆեդերացիայի պատվիրակությունը, որի կազմում էին նաև ֆեդերացիայի նախագահը և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին անդամ Մեհդի Թաջը, Տորոնտոյի օդանավակայան հասնելուց հետո որոշել է վերադառնալ՝ նշելով, որ բախվել է «միգրացիոն ծառայության աշխատակիցների անընդունելի վարքագծին»։
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ պատվիրակությունը առաջին իսկ չվերթով վերադարձել է Թուրքիա՝ օդանավակայանում միգրացիոն ծառայության վարքագծի և «Իրանի զինված ուժերի ամենապատվավոր մարմիններից մեկի նկատմամբ վիրավորանքի» պատճառով, հավանաբար նկատի ունենալով ԻՀՊԿ-ին։
Դեպքից հետո Կանադայի կառավարությունը հայտարարել է, թե Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնյաներին արգելվում է մուտք գործել Կանադա։ Կանադացի պաշտոնյաները կոնկրետ դեպքերը չեն մեկնաբանել, սակայն շեշտել են, որ 2024 թվականից ԻՀՊԿ անդամները «անընդունելի են Կանադայում և տեղ չունեն մեր երկրում»։
Նշվում է նաև, որ Իրանի մասնակցությունը Աշխարհի առաջնությանը հարցականի տակ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ փետրվարի 28-ին սկսված պատերազմի պատճառով։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեմ չէ Իրանի հավաքականի մասնակցությանը 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Իրանի ԻՀՊԿ-ի հետ կապ ունեցող անձինք չեն կարողանա ճամփորդել հավաքականի հետ դեպի ԱՄՆ։
«Իրանի հետ խնդիրը նրանց մարզիկները չեն։ Խնդիր կլինեն այն մարդիկ, որոնց նրանք կցանկանան բերել իրենց հետ։ Նրանցից մի քանիսը կապեր ունեն ԻՀՊԿ-ի հետ։ Մենք գուցե չկարողանանք նրանց թույլ տալ մուտք գործել, բայց ոչ մարզիկներին», — ասել է Ռուբիոն։
