Աղվերանում նախարար Անդրեասյանը հանդիպեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի եզրափակիչ մասնակիցներին

Աղվերանում այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին՝ դպրոցականներին և ֆիզկուլտուրայի ուսուցիչներին։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, տեղեկացնում են նախարարությունից։
Խարույկի շուրջ կազմակերպված ոչ ֆորմալ զրույցի ընթացքում նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակցիներին ակտիվության և ներգրավվածության համար՝ մաղթելով մարտական ոգի և հաջող ելույթներ եզրափակչում։ Նա ընդգծեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հաղթողները հայտնի կդառնան ազնիվ և արդար պայքարում։
Անդրեասյանը հետաքրքրվեց, արդյոք սա դպրոցականների առաջին մասնակցությունն է մրցաշարին և ինչպես է անցել նրանց ճանապարհը դեպի եզրափակիչը, իսկ ամփոփելով նշեց, որ փորձառուների կողքին եզրափակիչ փուլում հանդես կգան նաև նոր թիմեր։ Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար և կիսվեցին իրենց տպավորություններով՝ նշելով, որ դպրոցականների շրջանում մեծ հետաքրքրություն կա սեղանի թենիսի մասսայականացմանը միտված այս ծրագրի նկատմամբ։
Տարբեր մարզերից եկած թիմերի ներկայացուցիչները հանդես եկան նաև մշակութային կատարումներով։ Նախարարության տվյալներով՝ 2026 թվականին մրցաշարին մասնակցել է 607 դպրոցի 3276 աշակերտ։ Եզրափակիչ փուլին կհրավիրվեն մարզային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմերը։
Եզրափակչում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ու մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով։ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը նախատեսված է մայիսի 3-ին՝ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում։
