Reuters․ Իտալական մամուլը գրում է՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գալիք շաբաթ կմեկնի Վատիկան և Իտալիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գալիք շաբաթ նախատեսվում է այցելել Վատիկան և Իտալիա, գրում են La Repubblica-ն և Corriere della Sera-ն՝ Reuters-ի փոխանցմամբ։ Թերթերի հրապարակումներում չի նշվում՝ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ Ռուբիոն կունենա՞ առանձնազրույց Հռոմի պապ Լևոն Պապի հետ, իսկ հաստատված է միայն Վատիկանի պետության քարտուղար, դիվանագիտության ղեկավար Պիետրո Պարոլինի հետ նախատեսվող հանդիպումը։
Ամերիկյան և իտալական իշխանությունները, ինչպես նաև Սուրբ Աթոռը, առայժմ չեն հաստատում Ռուբիոյի հնարավոր այցի մասին տեղեկությունը։ Reuters-ի տվյալներով՝ ծրագրում են նաև հանդիպումներ Իտալիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։ Հաղորդվում է, որ այցը կարող է նպատակ ունենալ մեղմել Վաշինգտոնի և Հռոմի միջև վերջին շաբաթների լարվածությունը։
Առաջին ամերիկացի Հռոմի պապը վերջին շրջանում բացահայտ քննադատել էր Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հարձակումը՝ բազմիցս կոչ անելով դադարեցնել կրակը և վերադառնալ դիվանագիտական ուղուն՝ շեշտելով, որ խաղաղությանը ուժով հասնել անհնար է։ Դոնալդ Թրամփը պատասխանել էր այդ քննադատությանը՝ ինչպես հակամարտության, այնպես էլ Սպիտակ տան խիստ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ, հայտարարելով, թե Լևոն XIV-ը «սարսափելի է»։
Լարվածությունը սրվեց, երբ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին «անընդունելի» որակեց Թրամփի քննադատությունը Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին։ Սպիտակ տան ղեկավարը օրերս էլ ասել էր, որ «հավանաբար» կքննարկի Իտալիայից և Իսպանիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցը՝ մեղադրելով ՆԱՏՕ-ի այդ երկու դաշնակիցներին Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չաջակցելու համար։
Եթե այցը կայանա, այն տեղի կունենա բարձրաձայն հրապարակային տարաձայնությունների ֆոնին, սակայն մինչ այժմ պաշտոնական հաստատում չկա՝ թե՛ Վաշինգտոնից, թե՛ Հռոմից, և թե՛ Սուրբ Աթոռից։
