FT-ի տվյալներով, Թրամփի ներկայացուցիչը ՖԻՖԱ-ին առաջարկել է ԱԱ-ում Իրանի փոխարեն ընդգրկել Իտալիային

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներից մեկը՝ Պաոլո Ձամպոլլին, ըստ հրապարակումների, դիմել է համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմնին՝ ՖԻՖԱ-ին, առաջարկելով 2026 թվականի Աշխարհի առաջնությունում Իրանի փոխարեն ընդգրկել Իտալիային։
Նա պարբերականին ասել է, որ իր համար «երազանք» կլինի տեսնել աշխարհի քառակի չեմպիոն Իտալիային եզրափակիչ փուլում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում անցկացվելիք մրցաշարում, թեև հավաքականը նախորդ ամիս պարտվեց որակավորման փլեյ-օֆֆում։
Ըստ նույն հրապարակման, այս առաջարկը նպատակ ուներ վերականգնել հարաբերությունները Դոնալդ Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև՝ այն բանից հետո, երբ Մելոնին քննադատել էր նախագահի խոսույթը Հռոմի Պապ Լեո 14-ի մասին՝ Իրանի հետ պատերազմի թեմայով։ «Հաստատում եմ, որ Թրամփին և (ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի) Ինֆանտինոյին առաջարկել եմ, որ Իտալիան փոխարինի Իրանին Աշխարհի առաջնությունում։
Ես իտալական ծագում ունեմ, և երազանք կլիներ տեսնել «Աձուրին» ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարում»,— ասել է Ձամպոլլին։ Իտալիան երրորդ անգամ անընդմեջ չի կարողացել դուրս գալ Աշխարհի առաջնություն՝ որակավորման փլեյ-օֆֆի եզրափակչում պարտվելով Բոսնիա և Հերցեգովինային՝ 11-մետրանոց հարվածաշարում։
Իսկ Իրանի մասնակցությունը մնացել է հարցականի տակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ փետրվարի 28-ին սկսված պատերազմի պատճառով։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան ապրիլին հայտարարել էր, որ «բանակցում է» ՖԻՖԱ-ի հետ՝ երկրի խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու հարցով։ Սակայն ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անցած ամիս հայտնել էր, որ Իրանը մեկնարկին կմասնակցի և կխաղա այնտեղ, որտեղ նախատեսված է վիճակահանությամբ։
Ձամպոլլին իտալա-ամերիկացի հասարակական գործիչ է, գործարար և նախկին մոդելային գործակալ, որը պնդում է, թե հենց ինքն է Թրամփին ծանոթացրել նրա ներկայիս կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ։
