Axios-ը գրում է՝ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են պատերազմը դադարեցնելու շրջանակային համաձայնագրին, Մունիրը Թեհրանում

Պակիստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի Թեհրան ժամանումը ապրիլի 15-ին համընկավ տեղեկություններով, ըստ որոնց Միացյալ Նահանգները և Իրանը մոտենում են պատերազմը դադարեցնելու մասին շրջանակային համաձայնագրի ընդունմանը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ ԱԳ ղեկավար Աբաս Արաղչին անձամբ դիմավորել է Մունիրին Թեհրանի օդանավակայանում։
Ավելի վաղ Tasnim-ը գրել էր, որ ֆելդմարշալ Մունիրը «կժամանի Թեհրան, որպեսզի փոխանցի Վաշինգտոնի ուղերձը և նախապատրաստի բանակցությունների երկրորդ փուլը»։ Նույն օրը սոցիալական X հարթակում Axios-ի աշխատակից Բարակ Ռավիդը հաղորդեց, որ «Միացյալ Նահանգները և Իրանը մոտենում են պատերազմը դադարեցնելու մասին շրջանակային համաձայնագրի ընդունմանը»։
Թեհրանին Վաշինգտոնի «ուղերձի» որևէ մանրամասնություն հայտնի չէ։ Ռավիդին, նրա խոսքով, երկու ամերիկացի պաշտոնյաներ ասել են, որ վերջին օրերին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը անցկացրել է հեռախոսային քննարկումներ իրանցիների հետ, տեղի է ունեցել առաջարկությունների փոխանակում, և երեքշաբթի կողմերը «հասել են համաձայնության»։
Վերջին ձևակերպումից սակայն հստակ չէ՝ խոսքը բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու և որևէ փաստաթուղթ քննարկելու մասին է, թե՞ պատերազմը դադարեցնելու սկզբունքների շուրջ։ Ֆելդմարշալ Մունիրի Թեհրան այցելությունից կարելի է ենթադրել, որ հեռախոսային բանակցությունների և շահագրգիռ երկրների հետ խորհրդատվությունների հիման վրա Վաշինգտոնում «կազմվել է «շրջանակային համաձայնության» նախագիծ», որը Պակիստանը՝ որպես միջնորդ, ներկայացրել է Թեհրանին։
Մունիրը ոչ պաշտոնապես ճանաչված է որպես Պակիստանի փաստացի առաջնորդ։ Անցյալ տարի նա այցելել է Վաշինգտոն և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչը նրա այս շրջագայությանը հավելյալ կարևորություն է տալիս։ Ընդ որում, հայտնի է, որ Պակիստանը Սաուդյան Արաբիայի տարածքում կործանիչներ է տեղակայել՝ Իրանի նոր հարձակումը դիմագրավելու մտադրությամբ։
Իրավիճակի զգայունությունը, ըստ ամենայնի, ընդգծել է նաև Արաղչին՝ հայտարարելով, որ միջուկային ծրագիրը «Իրանի բացառիկ իրավունքն է», սակայն «սահմանափակումների հարցը քննարկելի» է։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե ԱՄՆ-ը Իրանին «հարկադրում է քսան տարով սառեցնել միջուկային ծրագիրը, իսկ հարստացված ուրանի պաշարները հանձնել»։
Բարար Ռավիդի տեղեկություններով՝ իրանա-ամերիկյան բանակցությունները կարող են վերսկսվել Իսլամաբադում եկող շաբաթավերջին։ Թեհրանը մինչ այս չի հանրայնացրել Վաշինգտոնից փոխանցված հնարավոր ուղերձի բովանդակությունը, իսկ բանակցությունների հաջորդ քայլերի մասին հստակություն կարող է առաջանալ, եթե Իսլամաբադի հանդիպումները կայանան նշված ժամկետում։
