300 հազար դոլարի խարդախության գործով հետախուզվող կինը հայտնաբերվել է Երևանում և կալանավորվել

Երևանում իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվող կին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քաղաքային վարչության ծառայողները նրան գտել են ապրիլի 14-ին, ժամը 16:50-ին, մայրաքաղաքի Քըրք Քըրքորյան փողոցի տներից մեկում և ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։ Քրեական գործի տվյալներով, ըստ տուժածի հաղորդման, կինը գործարքներ կատարելու պատրվակով և գումարը վերադարձնելու պայմանով խնդրել ու իրենից մաս-մաս ստացել էր 300 հազար դոլար, սակայն գումարը չէր վերադարձրել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Մարտի 15-ին մայրաքաղաքի 44-ամյա բնակչուհու նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Չնայած ձեռնարկված միջոցառումներին և վարութային գործողություններին՝ կնոջը հայտնաբերել չէր հաջողվել, և մարտի 23-ին հայտարարվել էր հետախուզում։ Իրավապահների փոխանցմամբ, նախաքննությունը շարունակվում է։
