Ֆրանսիական «Շառլ դը Գոլ»-ի խումբը շարժվում է Ադենի ծոց՝ Հորմուզում ազատ նավարկությանը աջակցելու համար

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրային խումբը հատել է Սուեզի ջրանցքը և շարժվում է դեպի Կարմիր ծովի հարավ ու Ադենի ծոց՝ նախապատրաստվելու Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունը ապահովելու առաքելությանը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը։ Պարիզը և Լոնդոնը առաջատար դեր են ստանձնել Հորմուզում ազատ նավարկությանը աջակցող բազմազգ, բացառապես պաշտպանական բնույթի նախաձեռնության կազմակերպման գործում։
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են միանալ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակմանն, բայց շարունակել են համակարգել նեղուցում նավագնացության անվտանգ անցկացումն ապահովելու ջանքերը։ Ֆրանսիական հարվածային նավերի խումբը մինչ այս տեղակայված էր Միջերկրական ծովի արևելքում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին օդային հարվածներ հասցնելուց կարճ ժամանակ անց։
Պաշտոնական տվյալներով, «Շառլ դը Գոլ»-ի խումբը ծովում կարող է մնալ 4-5 ամիս։ Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նավթի գրեթե մեկ հինգերորդը, վերջին շաբաթներին լրջորեն խաթարված նավագնացություն է տեսնում Իրանի հետ հակամարտության ֆոնին։
Այս պայմաններում ԱՄՆ նախագահը այսօր հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարճ ժամանակով դադարեցնում է Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը, որը սկսվել էր երկու օր առաջ, որպեսզի համոզվի՝ հնարավոր՞ է արդյոք Իրանի հետ համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու շուրջ։
Այդուհանդերձ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի, գրել էր Դոնալդ Թրամփը։ Իրանական կողմը, իր հերթին, ազդարարել է պայմանական աջակցություն անցանելիությանը. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ կապահովի նավերի անվտանգ անցումը Հորմուզով, եթե դրանք հետևեն Թեհրանի սահմանած ընթացակարգերին, որոնք օրերս մտել են ուժի մեջ։
Ըստ այդ կանոնների՝ նեղուցը հատել ցանկացող նավերը պետք է նախապես համակարգեն անցումը Իրանի հետ և ստանան թույլտվություն։ Առաջիկա շաբաթներին սպասվում է, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ջանքերը կկենտրոնանան բազմազգ մասնակցության ձևավորման և նավագնացության անվտանգ ուղեգծերի համակարգման վրա՝ հաշվի առնելով Վաշինգտոնի հայտարարած ժամանակավոր դադարն ու Թեհրանի ներկայացրած պահանջները։
