Օրբանի պարտությունից հետո. ինչ հարցեր են բաց մնում Բրյուսել–Բուդապեշտ և Վաշինգտոն–Բրյուսել գծերում

Ապրիլի 12-ին Հունգարիայի ընտրողների մեծամասնության քվեով ավարտվեց Վիկտոր Օրբանի 16-ամյա իշխանության դարաշրջանը։ Հաղթանակից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սոցցանցերում գրեց. «Հունգարիան ընտրեց Եվրոպան, Եվրոպան միշտ է ընտրել Հունգարիան»։
Պետեր Մաջյարին շնորհավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ անհամբեր սպասում է համատեղ աշխատանքին՝ հանուն առաջին հերթին միասնական Եվրոպայի։ Քվեարկությունից առաջ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ փոխանցում էին, որ Օրբանի նախընտրական վերջին հանրահավաքին երևացել են «Ռուսներ, վերադարձեք տուն» գրությամբ պաստառներ՝ հիշեցնելով 1956-ի հակախորհրդային ապստամբությունը։
Նույն օրերին Բուդապեշտ էր այցելել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, սակայն այդ այցը, ըստ տեղի զարգացումների պատկերացման, չէր փոխել ելքը։ Օրբանին հաճախ էին ներկայացնում որպես Վլադիմիր Պուտինի «մկան» և Դոնալդ Թրամփի «լավ տղայի», իսկ վերջին տարում նա բազմիցս «անակնկալներ» էր մատուցել Եվրահանձնաժողովին, այդ թվում՝ կապված Հայաստանի ռազմական օգնության հարցի շուրջ։
Նրա ամենաաղմկահարույց ձևակերպումներից մեկը եղել է, թե «թուրքական աշխարհը Դանուբից ձգվում է մինչև Չինաստան»։ Օրբանի օրոք Հունգարիան դիտորդի կարգավիճակով միացել է Թուրքական պետությունների կազմակերպությանը։ Նոր իշխանությունների օրակարգում արդեն շրջադարձային հարցեր են՝ կվերանայե՞ն արդյոք այդ որոշումը, Հունգարիան կլքի՞ ԹՊԿ-ն, թե՞, ընդհակառակը, կսերտացնի կապերը թուրքախոս երկրների հետ։
Խնդիրը միայն այն չէ, որ ԹՊԿ-ն Հայաստանում ընկալվում է որպես թշնամական հարթակ, այլ նաև այն, թե Եվրամիությունը Հունգարիային կդիտարկի՞ Թուրքիայի և թուրքախոս պետությունների հետ «կապող օղակ»։ Հարցեր կան նաև Ատլանտյան հարաբերությունների շուրջ։ Բուդապեշտում իր ելույթում Ջեյ Դի Վենսը խիստ քննադատել էր «եվրաբյուրոկրատներին, որոնք ցանկանում են փլուզել Հունգարիայի տնտեսությունը»։
Եթե, ինչպես ձևակերպել է կանցլեր Մերցը, Հունգարիան «միավորելու է Եվրոպան», ապա դա ինչպե՞ս կազդի Վաշինգտոն–Բրյուսել հարաբերությունների վրա։ Օրբանի պարտությունը, ինչպես նշվում է, կարելի է դիտարկել նաև որպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական հաղթանակ՝ հատկապես Եվրամիության աջակցության վերականգնման մեծ հավանականության ֆոնին։
Նշվում էր նաև, որ վերջին երկու շաբաթներին Ռուսաստանը մի քանի անգամ մեղադրել է Զելենսկուն Հունգարիայում «մայդան կազմակերպելու» փորձի մեջ։ Ընդդիմության համոզիչ հաղթանակը, որը առաջինը ճանաչել է հենց Վիկտոր Օրբանը, այնուամենայնիվ, հարցականի տակ է դնում կրեմլյան քարոզչության «ամենակարողության» մասին վարկածը։
Քաղաքական կանխատեսումներ անելն այսօր, գլոբալ տուրբուլենտության պայմաններում, դժվար է։ Հունգարիայի նոր կառավարությունը դեռ ձևավորված չէ, իսկ նրա ծրագիրը հայտնի է միայն ընդհանուր գծերով՝ կոռուպցիայի դեմ պայքար և վերադարձ եվրոպական արժեհամակարգին։ Ինչպե՞ս դա կիրագործվի.
Վիկտոր Օրբանը պատասխանատվության կկա՞նչվի, Բրյուսելը նրանից «վրեժխնդի՞ր է լինելու», թե՞ բավարարվելու է Պետեր Մաջյարի հաղթանակով։
