ՔԿ-ն հայտնում է «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող հերթական քրեական գործի մասին

Քննչական կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող հերթական քրեական գործի մասին. մարմնի տեղեկացմամբ, քրեական հետապնդում է հարուցվել Վ.Ա.-ի նկատմամբ, ով ընդգրկված է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում։ ՔԿ-ի հաղորդմամբ, Վ.Ա.-ն համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, նրանց տեղափոխումը Երևան, սննդով ապահովումը, ինչպես նաև նախապես խոստացված գումարների տրամադրումը։
Իրավապահների խոսքով՝ հավաքին Լոռու մարզի մի շարք բնակիչների մասնակցությունն ապահովելու համար վերջիններիս նյութապես շահագրգռել են՝ խոստացված գումարից յուրաքանչյուրին 3000-ական ՀՀ դրամ տալով, ինչով, ըստ նույն աղբյուրի, հարկադրել են մասնակցել կազմակերպված հավաքին։
Նշվում է, որ Վ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։ Որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք։ «Ուժեղ Հայաստան»-ից հերքել են ընտրական հանցագործությունների մասին պնդումները և օր օրի ավելացող քրեական գործերը որակել իրենց նկատմամբ սև քարոզչություն։
