Փաշինյան. գերիների հարցը Բաքվի հետ քննարկվում է երկկողմ, մյուս ձևաչափերը մեծ օգուտ չեն բերում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցը Երևանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով։ «Այլ ձևաչափ ես արդյունավետ չեմ համարում. մեր փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում, մեծ պոտենցիալ չունեն», — ասաց նա այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։
Փաշինյանին հարց ուղղվեց՝ Հայաստանի կողմից Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու ֆոնին գերիների վերադարձի ուղղված աշխատանքն ինչպես է արտացոլվելու եվրոպացի գործընկերների հետ, թե այս թեման բացառապես երկկողմ օրակարգում է։ Վարչապետը նշեց, որ թեման քննարկվում է երկու երկրների միջև ուղիղ շփումներում՝ որպես առավել արդյունավետ ուղի։
Միաժամանակ նա չբացառեց այլ հարթակներ. «Եվ որտեղ կտեսնենք արդյունավետության պոտենցիալ այլ ձևաչափով քննարկելու, չենք խուսափի նաև այդ ձևաչափով քննարկելուց», — շեշտեց Փաշինյանը։ Վարչապետի դիտարկմամբ, ներկայում առաջնայինը մնում է երկկողմ ձևաչափը, իսկ հնարավոր ձևաչափային փոփոխությունները կախված կլինեն դրանց արդյունավետության գնահատականից։
