Փաշինյանն ու Խաչատուրյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչով, Մակրոնը՝ Փառքի շքանշանով

Հայաստանը և Ֆրանսիան Երևանում փոխանակել են բարձրագույն պարգևներ. Հայաստանի նախագահի հրամանագրով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով, իսկ Մակրոնի որոշմամբ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանը՝ լեգեոնի բարձրագույն աստիճանը, որը հաստատվել է 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից։
Հայաստանի նախագահի և վարչապետի անունից՝ ի պատիվ Մակրոնի, նախագահական նստավայրում տրվել է պետական ընթրիք։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ Ֆրանսիայի նախագահի դերակատարումն այս փուլում «շրջադարձային» է՝ հավելելով, որ երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը կարձանագրվի Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունմամբ՝ որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք։
Փաշինյանի խոսքով, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումն ըստ էության ձևավորեց «մեր իրականության և տարածաշրջանային ռազմավարության ճարտարապետությունը»։ Ֆրանսիայի նախագահը, իր հերթին, հիշեցրեց, որ Պրահայի քառակողմ հանդիպումից հետո «գրեթե դուրս էր մնում» հետագա բոլոր հանդիպումներից, «մինչև որ հակամարտությունը կարգավորվեց նախագահ Ալիևի հետ»։
«Այժմ իրավիճակը կարգավորվել է և, բարեբախտաբար, հանդարտվել է»,— ասաց Մակրոնը՝ հավելելով, որ եթե այն ժամանակ Ֆրանսիան Հայաստանի կողքին էր, ապա «դա արդար էր»։ Նա ընդգծեց, որ պատմության ընթացքում Հայաստանի պայքարը «միշտ եղել է արդար պայքար՝ ցեղասպանության, ներխուժումների և ձեր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքների դեմ»։
«Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց»,— նշեց նա։ Մակրոնի խոսքով, ստորագրվելիք ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վերջին տարիներին Հայաստանի կողքին կատարած ֆրանսիական պաշտպանական ջանքերի արդյունքն է. «երբեք մեր հարաբերությունները այս մակարդակի չեն եղել»։
Նրա գնահատմամբ, այդ փաստաթուղթը կբացի նոր տնտեսական էջեր և կամրապնդի կրթական, լեզվական ու մշակութային կապերը։ Փաշինյանը ևս արձանագրել էր, որ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը դիտվում է այցի առանցքային արդյունք, որի շուրջ կողմերը շարժվում են առաջ։
