Փաշինյան–Յըլմազ հանդիպում Երևանում. ստորագրվել է Անիի պատմական կամրջի վերականգնման արձանագրություն

Երևանում տեղի ունեցած Եվրոպական համայնքի գագաթաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին։ Վարչապետը X հարթակում գրել է, որ իրենք արդյունավետ մտքերի փոխանակում են ունեցել՝ անդրադառնալով Հայաստան–Թուրքիա տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին, և ողջունել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրության ստորագրումը։
Բաքվի իշխանական կայքը, առանց հղելու սկզբնաղբյուրի, փոխանցել է Յըլմազի գնահատականը, ըստ որի «նորմալացման գործընթացում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը կոնկրետ գործընթաց են ապահովում»։ Թուրքիայի փոխնախագահի խոսքով՝ նա Փաշինյանի հետ քննարկել է նաև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տրանսպորտային, մաքսային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ու կապերի ամրապնդմանը միտված քայլեր։
Եվրոպական համայնքի երևանյան գագաթաժողովի քաղաքական նշանակությունը ակնհայտ է, իսկ գործնական արդյունքները կարող են գնահատվել, երբ պարզ լինի՝ ձեռք բերված և հռչակագրված համաձայնություններն ինչպես և ինչ չափով կհասնեն իրականացման։ Այնուամենայնիվ, հայ–թուրքական կարգավորման ուղղությամբ, կարծես, ձևավորվել է որոշակի լավատեսության հիմք։
Նախ, արժանահիշատակ է, որ Թուրքիայի փոխնախագահը ժամանել էր Երևան այն իրավիճակում, երբ Ադրբեջանի նախագահը գագաթաժողովին մասնակցել էր տեսակապով։ Երկրորդ, կայացել է Փաշինյան–Յըլմազ հանդիպում, որի արդյունքում կողմերը ստորագրել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրություն։
Սա խորհրդանշական քայլ է՝ հաշվի առնելով, որ Անին Հայաստանի պատմական մայրաքաղաքն է և ներկայիս Թուրքիայի տարածքում հայկական պատմա-մշակութային ամենաակնառու ներկայություններից մեկը։ Արձանագրության ստորագրումը տեղի է ունենում մի փուլում, երբ Ադրբեջանը իր ներկայիս տարածքի քրիստոնեական հուշարձանները «աղվանական» է հռչակել, իսկ հետխորհրդային շրջանում կառուցված եկեղեցիները՝ «ոչնչացման ենթակա»։
Ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան ընդունում է, որ «այդ հողերի վրա հաստատվել է հազար տարի առաջ»։ Թուրքիան կարող է նպաստել, որ Ադրբեջանը վերադառնա նույն ինքնությանը. այդ դեպքում տարածաշրջանի կայունությունը կստանա քաղաքակրթական ամրություն։ Թուրքիան այդ իրոք խաղարար առաքելությունը կստանձնի՞։
