Փաշինյանը շարունակում է ներկայացնել ՔՊ-ի ծրագիրը՝ շեշտելով լեգիտիմության առանցքային դերը ներքին անվտանգության մեջ

Լեգիտիմությունն է ներքին անվտանգության առանցքային գործոնը, ընդգծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով հանրությանը ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Վարչապետը սոցցանցի իր էջում հրապարակած նոր տեսանյութում մանրամասնում է ծրագրային դրույթները։
Ծրագրում ասվում է, որ ներքին անվտանգության ապահովման հայեցակարգը նման է արտաքին անվտանգության ապահովման հայեցակարգին, և այս տրամաբանությամբ լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է։ Փաշինյանը հավելում է, որ ընդհանրապես բոլոր հարաբերություններում լեգիտիմությունն է առանցքայինը։
Նրա ներկայացմամբ՝ ներքին լեգիտիմության աղբյուրը քաղաքացու ամբողջությունն է՝ ժողովուրդը, ինչպես նաև պետություն ունենալու նրա գործնականացված կամքը։ Այդ կամքը, ըստ ծրագրի, պետք է արտահայտվի ներպետական հարաբերությունների և ինստիտուտների անառարկելի լեգիտիմությամբ։
Փաշինյանը շեշտում է, որ ցանկացած պետություն իրավունքների և ազատությունների ապահովման նպատակով կիրառում է սահմանափակումներ, որոնք առանցքների ապահովման համար անհրաժեշտ են և արտահայտվում են օրենքների, կառավարության և այլ մարմինների որոշումների, ինչպես նաև դատական ակտերի տեսքով։
Սա ինքնին լարում է առաջացնում պետության և քաղաքացու միջև՝ դառնալով ներքին անվտանգության լրջագույն խնդիր։ Այդ լարումը, ըստ վարչապետի ներկայացրած ծրագրի, չեզոքանում է միայն այն դեպքում, երբ քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև կա օրգանական կապ. իրավակարգը բխում է քաղաքացուց, նրա որոշումից և համաձայնությունից, այսինքն՝ լեգիտիմ է։
Վարչապետը շարունակում է սոցիալական հարթակներում ներկայացնել կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները՝ ընդգծելով լեգիտիմության և իրավակարգի նկատմամբ հանրային համաձայնության առաջնահերթությունը ներքին անվտանգության ապահովման համար։
