Վեդիում անչափահաս քույրերի գործով երկու անձ են ձերբակալվել, ներկայացվել է կալանքի միջնորդություն

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած դեպքով երկու անձ են ձերբակալվել, նրանց նկատմամբ ներկայացվել է կալանքի միջնորդություն, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Նախօրեին գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում.
Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, իսկ Դ.Ա.-ի նկատմամբ՝ նույն հոդվածի նույն մասով երեք դրվագով։ Նշված նորմը վերաբերում է խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների կատարմանը։
Սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անց և միայն լրագրողական բացահայտումներից հետո, երկու տղամարդն երեկ գիշերը առերեսվել են Վեդիում բնակվող անչափահաս աղջիկներից մեկի հետ։ Անչափահասների հանդեպ սեռական բռնության առաջին ահազանգը գրանցվել է փետրվարի 12-ին, երկրորդը՝ ապրիլի 22-ին։
