Ստամբուլում Ալեն Սիմոնյանը հանդիպեց Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանին, հնչեց «անօգուտ առճակատումների» մտահոգություն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Պատրիարքարանի հաղորդմամբ, Սահակ Մաշալյանը մտահոգություն է հայտնել վերջին մեկ տարվա ընթացքում եկեղեցի–իշխանություն «անօգուտ առճակատումների» առնչությամբ։
Նույն հաղորդագրության համաձայն՝ պատրիարքը մաղթել է, որ մոտ ապագայում վերջ գտնի «անօգուտ ձգտեալ կացությունը» և վերահաստատվեն հաշտությունն ու համերաշխությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև։
Պատրիարքարանը նաև փոխանցում է, որ Սահակ Մաշալյանը ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքն ապահովելու կարևորությունը, ինչպես նաև ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը։ Ալեն Սիմոնյանը Ստամբուլ է մեկնել՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։
